«Ավելի լավ է գրել, թե ինչերի միջով ենք անցել»․ Ալիևի օգնականը վիրավորվել է թուրքական թերթերից

Թուրքական որոշ լրատվամիջոցներում հրապարակվել են հոդվածներ, որոնց վերնագրերն են՝ «Ադրբեջանը համագործակցում է սիոնիստական ​​ռեժիմի հետ» և «Ադրբեջանը ներգրավված է Գազայում տեղի ունեցած ցեղասպանության մեջ»։ Ըստ էության՝ դրանք պաղեստինյան հիմնախնդիրը կապում են Ադրբեջանի հետ։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ այս մոտեցումը «իսկապես հուզում է իրենց՝ որպես եղբայրների»։ Այս մասին տեղեկացրել են տեղական լրատվամիջոցները։


«Նախևառաջ, նման վարքագիծն սխալ է։ Երկրորդ՝ դա վիրավորում է մեզ։ Եվ մենք պետք է բացահայտ խոսենք դրա մասին։ 30 տարի շարունակ մենք կրկնակի չափանիշների զոհ ենք եղել։ Մեր կողքին կանգնած էր միայն եղբայրական Թուրքիան։ Այս աշխարհում ոչ ոք մեր կողքին չկանգնեց։ Նրանք մեզ զենք չեն վաճառել։ Եվրոպան զենքի շուկան փակ պահեց։ 1992 թվականին ԱՄՆ Կոնգրեսը պատժամիջոցներ կիրառեց մեր դեմ։ Ավելի լավ կլինի, որ մեր եղբայրները գրեն այս ամենի մասին՝ իմանալով, թե ինչերի միջով ենք անցել»,- նշել է Հաջիևը։