Ուժգին երկրաշարժ Թուրքիայում. կան տասնյակ վիրավորներ և մեկ զոհ

Էգեյան ծովի շրջանում՝ Թուրքիայի և հունական Դոդեկանեսյան արշիպելագի միջև, գրանցվել է 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։


Կենտրոնի տվյալներով՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է թուրքական Մարմարիս քաղաքից 18 կմ հարավ-արևելք, որտեղ բնակվում է մոտ 95.8 հազար մարդ։


Թուրքիայի տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հարցերով վարչության (AFAD) տվյալներով՝ 5.8 մագնիտուդով և 67.91 կմ խորությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մուղլա նահանգում՝ Մարմարիս առողջարանային քաղաքից 10.43 կմ հեռավորության վրա։


Մուղլայի նահանգապետ Իդրիս Աքբըյըքը Anadolu գործակալությանը հայտնել է, որ երկրաշարժից տուժել է 69 մարդ, որոնցից 14-ը տեղում բուժօգնություն է ստացել և հրաժարվել հոսպիտալացումից, 55-ը տեղափոխվել է հիվանդանոցներ, որոնցից 10-ը՝ շտապօգնության մեքենայով։ Նա ասել է, որ 46 մարդ շարունակում է մնալ անհետաձգելի օգնության բաժանմունքում՝ հետազոտվելու և բուժում ստանալու համար, ութ մարդու դուրս են գրել։


Բացի դրանից, մահացել է 14-ամյա դեռահաս, որը Ֆեթհիյե շրջանում երկրաշարժի ժամանակ խուճապային գրոհ է ունեցել, հավելել է Աքբըյըքը։ Երեխային տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան X-ում պարզաբանել է, որ մահացել է 14-ամյա աղջիկ։ Նա նաև ասել է, որ 69 տուժած «խուճապի պատճառով ցատկել է բարձրությունից»։