«Կրթվելը նորաձև է» շարժման 36-րդ հանդիպումը՝ արժեքների, մեր ինքնության և «Իրական Հայաստանի» մասին. «Իմ քայլը»

Հունիսի 4-ին կայացել է «Կրթվելը նորաձև է» շարժման արդեն 36-րդ հանդիպումը, որին ներկա է եղել շուրջ 300 մասնակից։

Միջոցառումը վարել է ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։


Բանախոսությունների շարքը բացել է Լուսինե Երեմյանը` «Երեմյան» ընկերությունների խմբի մարքեթինգի և հաղորդակցության տնօրենը։ Նա կիսվել է իրենց անցած ճանապարհով՝ ներկայացնելով «Երեմյան»-ը ոչ միայն որպես կայացած բիզնես, այլ իրական արժեքներ կրող ու տարածող ընկերություն։


Տիկին Երեմյանը նշել է, որ տարիներ առաջ, երբ զրոյական կետից դեռ նոր էր սկսվում ամեն ինչ, իրենց տոկունությունն ու համառությունն է, որ մեծ դեր են խաղացել հաջողության հասնելու գործում: «Շատ հանդուգն էինք, որովհետև համարձակվում էինք երազել ավելին, քան մենք իրականում այդ պահին կայինք»։


«Ներկաներից շատերի համար բացահայտում էր երկրորդ բանախոսի` Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան-ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանի ներկայացրած այն ահռելի աշխատանքը, որ տարվում է Մատենադարանում: Նրա ելույթը վերածվեց ինքնության ընկալման ճիշտ ձևավորման և դրա կարևորության վերաարժևորման ուղերձի։


Նա ներկայացրեց Մատենադարանի արդի աշխատանքները՝ նորարար ինտերակտիվ ծրագրերից մինչև դպրոցականների համար մշակված ոչ ֆորմալ կրթական ծրագրեր։ «Տեղեկատվական աղմուկի պայմաններում մենք հաճախ կորցնում ենք պատկերացումն այն մասին, թե ով ենք և որտեղից ենք գալիս», նշեց պարոն Խզմալյանը` հավելելով, որ մեր մեծերին ճանաչելը, նրանց մեծ ժառանգությունն ու մեզ թողած խոսքը իրապես հասկանալը կօգնեն վերագտնել այն։


Այսօրվա բանախոսությունների շարքը եզրափակվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` գաղափարական խորը ուղերձներ պարունակող և պետական մտածողություն կերտող «Իրական Հայաստան» բանախոսությամբ, որում շեշտվում էր հայրենիքի և պետության մասին մեր իրարամերժ ընկալումների, մեր ու մեր պետության հարաբերությունների մասին:

Միջոցառման վերջում տեղի ունեցավ ավանդական հարցուպատասխանի, մտքերի փոխանակման հատվածը, որի ընթացքում մասնակիցներն իրենց հուզող հարցերն ուղղեցին բանախոսներին։ Բարձրաձայնվեցին թեմաներ՝ կապված բնապահպանական խնդիրների, ժողովրդավարական արժեքների պահպանման, միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության դերի, ինչպես նաև այն մասին, թե ինչպես կարող են երիտասարդները այսօրվա ընթացքում հնչած գաղափարները փոխանցել ավելի լայն շրջանակների։


Այս հանդիպումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ «Կրթվելը նորաձև է» շարժումը միավորող ուժ ունի։ Այն միավորում է տարբեր տարիքի, մասնագիտության, հայացքների և փորձառության մարդկանց, ովքեր հավաքվում են կրթության, ինքնազարգացման և գիտակից հասարակություն ձևավորելու գաղափարի շուրջ»,- ասված է «Իմ քայլը» հիմնադրամի հաղորդագրության մեջ։


68408bd974535-1749060569-bc-4657.jpg (122 KB)

Հաջորդ հանդիպումների օրացույցը․

▪️ Հունիսի 7 – Սիսիան
▪️ Հունիսի 8 – Գորիս
▪️ Հունիսի 15 – Արտաշատ
▪️ Հունիսի 21 – Մարալիկ
▪️ Հունիսի 28 – Երևան
▪️ Հուլիսի 6 – Աշտարակ
▪️ Հուլիսի 13 – Մարտունի