«Պատրոն Դավոյին» պատկանող ՍՊԸ-ն Հայաստանին մոտ 30 մլն ՀՀ դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրում

Գործարար Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավո) պատկանող ընկերությունը Հայաստանին մոտ 30 միլիոն ՀՀ դրամի ավիացիոն տեխնիկական ունեցվածք է նվիրում։ «Որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին» համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։


««ԼԵՅԱ» ընկերության տնօրենը ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված գրությամբ ցանկություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությանը նվիրել «ԼԵՅԱ» և «Ռոյալսիս Էնջիներինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին պատկանող՝ ընդհանուր 30,104,767 (երեսուն միլիոն հարյուր չորս հազար յոթը հարյուր վաթսունյոթ ՀՀ դրամ) ՀՀ դրամ արժեքով, ավիացիոն տեխնիկական ունեցվածքը, ԶՈւ կարիքների համար օգտագործելու նպատակով»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման տեքստում։


Որոշման նախագծով՝ նվիրատվությունն ամրացվում է ՀՀ պաշտպանության նախարարությանը։ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը նպատակահարմար է գտել գույքի ընդունումը։




Ըստ հրապարակված հավելվածի՝ նվիրատվությունը ներառում է անվահեծեր, անվադողեր, ապակե բլոկ, ինքնաթիռի տեխնիկական սպասարկման համար գործիքներ և այլն։ Նշենք, որ «Ռոյալսիս Էնջիներինգ» ՍՊԸ-ի սեփականատերը Դավիթ Գալստյանն է։