Դիլիջանի թունելի մասով երկու տարբերակ ենք քննարկել: Առաջին տարբերակը, որ պիտի վերանորոգեինք, հիմնանորոգեինք թունելը, որովհետև թունելը իսկապես նորոգման կարիք ունի: Այդ դեպքում դրան գումարվում էր նաև Սեմյոնովկայով անցնող ճանապարհը միջպետական ստանդարտների բերելը, ինչը լրացուցիչ ծախս է ենթադրում պետական բյուջեի համար: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Դա էլ իր հերթին կարճաժամկետ էր լինելու, որովհետև հասկանալի է, որ թունելը շահագործման հանձնելուց հետո մենք այդ ստանդարտներին համապատասխանող այդպիսի ճանապարհի կարիք, մեծ հաշվով, էլ չէինք ունենալու, որովհետև ինչպես հիմա, այդպես էլ թունելի շահագործման հանձնելուց հետո հիմնական երթևեկությունը դեպի Տավուշի մարզ անցնելու էր թունելով:
Այս պահին արդեն որոշում ունենք. Դիլիջանի թունելի անմիջապես կողքով նոր թունելի կառուցման նախագծի վրա ենք այս պահին աշխատում: