Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքից դուրս է բերում իր դիվանագետներին և զինվորականներին․ Թրամփ

Իրաքից ամերիկյան դեսպանատան աշխատակիցների մի մասին և Մերձավոր Արևելքից զինծառայողների ընտանիքների անդամներին ԱՄՆ վերադարձնելու որոշումը պայմանավորված է հնարավոր վտանգով, չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։


«Նրանց դուրս են բերում, քանի որ այդ վայրը կարող է վտանգավոր լինել։ Կտեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է նա։


Իրանի մասին խոսելով՝ ԱՄՆ նախագահն ընդգծել է. «Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Դա շատ պարզ է։ Մենք դա թույլ չենք տա»։


Ավելի վաղ՝ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Իրաքում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներից մի մասին հանձնարարել են լքել երկիրը՝ «տարածաշրջանում լարվածության աճի» պատճառով։