«Սա սադրանք է. Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները». Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի հարձակումները Իրանի վրա և նշել ագրեսիան անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։


«Մենք ամենավճռական կերպով դատապարտում ենք իսրայելական ավիահարվածը Իրանի վրա։ Այս հարձակումը, որն ակնհայտորեն խախտում է միջազգային իրավունքը, սադրանք է, որը ծառայում է տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնելու Իսրայելի ռազմավարական քաղաքականությանը։ Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել ավելի մեծ հակամարտությունների։ Մենք չենք ցանկանում տեսնել ավելի շատ արյուն և ավերածություններ Մերձավոր Արևելքում։ Միջազգային հանրությանը կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել պատերազմի տարածումը կանխելու համար»,- ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։  


Գերատեսչությունը նաև նշել է՝ «այն փաստը, որ հարձակումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ակտիվանում էին, ցույց է տալիս, որ (Իսրայելի վարչապետ Բենիամին) Նեթանյահուի կառավարությունը չի ուզում, որ խնդիրները լուծվեն դիվանագիտական ​​ճանապարհով»։ «Նա առանց վարանելու սպառնալիքի տակ է դնում տարածաշրջանային կայունությունը և համաշխարհային խաղաղությունը՝ հետապնդելով սեփական շահերը», - հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն։