«Իսրայելում այժմ պատերազմական վիճակ է, հայերն էլ, ինչպես Իսրայելի
մյուս քաղաքացիները, նույն վիճակում են»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց «Իսրալահայեր»
թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։
Չերնամորյանը փոխանցեց,
որ օրական կտրվածքով մի քանի անգամ ԱԹՍ-ներով և բալիստիկ հրթիռներով հարվածներ են լինում: «Մենք
էլ Իսրայելի մյուս քաղաքացիների նման պատսպարվում ենք։ Մեր շրջանում չկա խուճապ, կա
անհանգստություն, լարվածություն, որովհետև պատերազմը ամեն դեպքում մեզ «չի երջանկացնում»։
Իհարկե վիճակը ծանր է, բայց հասարակական տրանսպորտը աշխատում է, մարդիկ, ովքեր սոցիալական
տարբեր ծառայություններում, խանութներում են աշխատում՝ գնում են աշխատանքի, իսկ ովքեր
կարող են հեռավար աշխատել՝ հեռավար են աշխատում, դպրոցները ևս հեռավար են. մինչև այս
շաբաթվա վերջ հեռավար է լինելու»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ Չերնամորյանն ընդգծեց, որ բարեբախտաբար հայերի շրջանում վիրավորներ ու զոհեր չկան. «Գրեթե
ամեն օր մարդիկ են զոհվում։ Իրանի, ռուսների ու ադրբեջանցիների ձեռագիրը նույնն է՝
թիրախավորում են խաղաղ բնակչությանը։ Այսօր
բավականին լուրջ հարվածի տակ էր Պետախ Տիկվան։ Այս անգամ հակաօդային պաշտպանությունը
Պետախ Տիկվան չկարողացավ հարյուր տոկոսով պաշտպանել, հրթիռներ ընկան, կան վնասված շենքեր։
Այս պահին 4 զոհ կա, քսանից ավելի վիրավոր, որոնից երկուսի վիճակն այս պահին ծանր է,
4 օրական երեխայի են փլատակների տակից հանել»։
Հարցին, թե արդյոք հայերը դիտարկո՞ւմ են Հայաստան վերադառնալու
տարբերակը, Չերնամորյանն ասաց. «Չենք կարող դուրս գալ։ ՀՀ դեսպանատան հետ կապի մեջ
ենք, Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ անձամբ կապի մեջ եմ։ Ճանապարհները
փակ են, չի խրախուսվում ցամաքային ճանապարհով
դուրս գալը։ Կա երկու ճանապարհ՝ Եգիպտոս ու Հորդանան, երկու դեպքում էլ անվտանգ չէ։
Հորդանանի օդը փակ է, մեկ-երկու ժամով բացվում փակվում է, հույս չկա Հորդանանի միջով
լքել երկիրը։ Սպասում ենք տեսնենք՝ ինչ ճակատագիր
է մեզ սպասվում, Աստված մեզ պահապան»,- եզրափակեց
նա։
Մարիամ Գրիգորյան