Թեհրանի հայկական «Արաքս» թերթի
գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանի հետ զրուցել ենք Իրանում ընթացող զարգացումների,
հայ համայնքի վիճակի և այլ հարցերի շուրջ։
«Մայրաքաղաք Թեհրանից որոշ թվով
մարդիկ տեղափոխվել են այլ՝ ապահով քաղաքներ և գյուղեր: Կյանքը, որոշ դժվարություններով
հանդերձ, շարունակվում է առօրյայի պես, հացթուխները, մթերքի խանութները և այլ խանութներ
աշխատում են սովորականի պես: Բենզինի և վառելանյութի խնդիր չկա: Դպրոցներն արդեն արձակվել
են, իսկ համալսարանների քննությունները հետաձգվել են: Հայ համայնքում էլ վիճակը տարբեր
չէ: Բարեբախտաբար, ցայժմ որևէ վնաս չի հասցվել համայնքին»,- ասաց Մովսես Քեշիշյանը:
Նա նաև նշեց, որ վիճակը այնքան
բարդ ու պատերազմական չէ, որպեսզի ապահով վայրեր փնտրելու խիստ կարիք զգացվի, այնուամենայնիվ
հայերի որոշ հատված տեղափոխվել է հայկական գյուղեր, ինչպիսիք են՝ Խոյգանը, Բոլորանը
և Ղարաղանը, նաև երկրի հյուսիսային շրջանում գտնվող Ռեշտ, Էնզելի քաղաքներ և հայ կաթոլիկ
եկեղեցուն պատկանող «Հայկաշեն» ավան: Իհարկե, Հայաստանում բնակարան ունեցողներից որոշները
նաև Հայաստան են տեղափոխվել:
Մեր զրուցակիցը ներկայացրեց,
թե այս ընթացքում ինչ աշխատանքներ են տարվում Հայաստանի հետ, և մասնավորապես ասաց. «Իսրայելական
հրթիռակոծումների հենց առաջին օրվանից ՀՀ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի
կողմից հետաքրքրվել են համայնքի վիճակով և օժանդակության պատրաստակամություն հայտնել:
Բայցև, բարեբախտաբար, մինչ այս պահը օգնություն խնդրելու կարիքը չի զգացվել: Եվ չեմ
կարծում, որ մոտ ապագայում վտանգի աստիճանն այնքան բարձրանա, որ համայնքն ամբողջությամբ
Հայաստան փոխադրվելու որոշում կայացնի: Գալիք 48 ժամերի ընթացքում ավելի կհստականա
պատերազմական գործողությունների շարունակությունը: Գնդակն առայժմ գտնվում է Իրանի դաշտում,
թե արդյոք խիստ հակազդելո՞ւ է իր դեմ սանձազերծված ԱՄՆ-Իսրայել հարձակումներին, թե՞
կբավարարվի Իսրայելի դեմ իր հրթիռակոծումներով: Արդեն Իրանի խորհրդարանը քննարկում
է NPT-ից դուրս գալ-չգալու պարագան: Շատ բարդ է կանխատեսել պատերազմի ընթացքը: Որովհետև
դա ինչքան Իրանին է վերաբերում, նույնքան և վերաբերում է Իսրայելին, որը վայելում է
ԱՄՆ հովանավորությունը»,- նշեց Մովսես Քեշիշյանը:
Ի հավելումն նա հիշեցրեց, որ
մինչ այդ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նոր բանակցությունների շարք է կազմակերպել
(արդեն մեկնել է Մոսկվա, որից հետո մեկնելու է նաև Հեռավոր Արևելք, Եվրոպա և արաբական
երկրներ), որի հիմնական պատգամն այն է, որ Իրանը բանակցությունների հարթակից չէր հեռացել,
որ հիմա վերադառնա, իսկ հարձակումները տեղի են ունեցել, երբ բանակցությունները ընթացքի
մեջ էին թե՛ Իսրայելի առաջին հարձակման ժամանակ՝ սրանից 11 օր առաջ, թե՛ ԱՄՆ-ի հարձակման ժամանակ:
Լիլիթ Թադևոսյան