ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Կոնգրեսի երկու պալատների կողմից ավելի վաղ հաստատված պետական ծախսերի մասին օրինագիծը, որը նախատեսում է հարկերի կրճատում և պետական պարտքի սահմանաչափի բարձրացում։
Ամերիկացի առաջնորդը Սպիտակ տան բակուըմ ստորագրելուց առաջ հավաստիացրել է. «Սա իր տեսակի մեջ ամենամեծ օրինագիծն է պատմության մեջ։ Նման բան երբեք չի եղել»։ Նրա կարծիքով՝ փաստաթուղթը նախատեսում է «ամերիկյան պատմության մեջ հարկերի ամենամեծ կրճատումը»։ Թրամփի կարծիքով՝ դրա հաստատումը օրենսդիրների կողմից դարձել է «ամենամեծ հաղթանակը»։
Վաշինգտոնի վարչակազմի նախաձեռնությամբ մշակված փաստաթուղթը, որը Թրամփն անվանում է «միասնական, մեծ, գեղեցիկ օրինագիծ», նախատեսում է հարկերի և պետական ծախսերի զգալի կրճատում մի շարք ոլորտներում։ Միևնույն ժամանակ, այն ենթադրում է ծախսերի ավելացում պաշտպանական ոլորտում, մասնավորապես՝ Golden Dome («Ոսկե գմբեթ») հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման համար։ Բացի այդ, դրանում ներառված են սահմանային վերահսկողության խստացման միջոցներ, ինչպես նաև նախատեսվում է ծախսերի ավելացում այս ոլորտում։
SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը, ով նախկինում եղել է ԱՄՆ կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման վարչության (DOGE) համակարգողը, բազմիցս խիստ քննադատության է ենթարկել օրինագիծը, այդ թվում այն պատճառով, որ այն նախատեսում է պետական պարտքի սահմանաչափի բարձրացում 5 տրլն դոլարով։ ԱՄՆ-ի պետական պարտքը ներկայումս գերազանցում է 36 տրլն դոլարը։ Մասկը հայտարարել էր, որ պատրաստ կլինի օգնություն ցուցաբերել հաջորդ տարի կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում այն հանրապետական օրենսդիրների հակառակորդներին, ովքեր պաշտպանել են փաստաթուղթը։
Հունիսի սկզբին ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչությունը գնահատականներ էր ներկայացրել, որոնց համաձայն՝ օրինագծով նախատեսված միջոցների իրականացումը կարող է հանգեցնել ԱՄՆ բյուջեի դեֆիցիտի ավելացմանը 2.4 տրլն դոլարով հաջորդ տասնամյակի ընթացքում։ Այդ հաշվարկների համաձայն՝ բյուջեի եկամուտները կնվազեն 3.6 տրլն դոլարով 10 տարվա ընթացքում։ Միևնույն ժամանակ, ծախսերը, ինչպես ակնկալվում է, կնվազեն 1.2 տրլն դոլարով նույն ժամանակահատվածում։