ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչու Ուկրաինային չի օգնում այնպես, ինչպես Իսրայելին։ Թրամփը հերքել է այդ պնդումը՝ նշելով, որ ինքը Կիևին շատ է օգնում։
Ճեպազրույցի ժամանակ Թրամփին հարցրել են, թե ինչու ԱՄՆ-ը Ուկրաինային չի տրամադրում նույն օգնությունը, ինչ Իսրայելին։ Թրամփը պատասխանել է, որ դա այդպես չէ, ապա կրկնել է, որ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումն Ուկրաինա չէր լինի, եթե ինքը 2022 թվականին նախագահ լիներ։
«Ես օգնում եմ Ուկրաինային։ Շատ եմ օգնում նրան։ Սա պատերազմ է, որը երբեք չպետք է սկսվեր։ Եթե ես լինեի նախագահ, հիմա Ռուսաստանի հետ պատերազմ չէիք ունենա», - հայտարարել է նա։
Միաժամանակ, ԱՄՆ նախագահը կրկնել է, որ վերջերս «շատ լավ հեռախոսազրույց» է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Իսկ ահա Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ շփումը Թրամփին խորապես հիասթափեցրել է։