ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հնարավոր է հաջորդ շաբաթ․ Ուիթքոֆ

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։


«Հանդիպումը տեղի կունենա շատ շուտով։ Հնարավոր է՝ հաջորդ շաբաթ», - ասել է նա Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Իրանը «հանդիպում է խնդրել», և որ եթե բանակցությունների արդյունքում հաջողվի «ինչ-որ բան թղթի վրա ամրագրել, դա լավ կլինի»։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ նա առանձնապես իմաստ չի տեսնում բանակցել իսլամական հանրապետության հետ, քանի որ ԱՄՆ-ն ոչնչացրել է նրա միջուկային ծրագիրը։ 


«Երբ դա [ԱՄՆ-ի հարվածները իրանական միջուկային օբյեկտներին] տեղի ունեցավ, ես հարցրի, թե որն է քննարկումների իմաստը։ Նրանք ցանկանում են հանդիպել, և մենք կհանդիպենք», - հավելել է Թրամփը։


Թրամփը պնդում է, որ Միացյալ Նահանգների կողմից հասցված հարվածներն «ավելի բարձր են խոսում», քան թղթի վրա ամրագրված որևէ պայմանավորվածություն։ «Բայց ես հասկանում եմ, թե ինչու է Իրանը դա ցանկանում», - ասել է նա։


Միացյալ Նահանգների ղեկավարը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնին հազիվ թե անհրաժեշտ լինի կրկին ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ։