Թրամփի վարչակազմը կարող է Ուկրաինային ևս մեկ Patriot տրամադրել․ WSJ

Այն բանից հետո, երբ հայտարարվեց Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն ցուցաբերելու մտադրության մասին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Կիևին ևս մեկ Patriot զենիթահրթիռային համալիր տրամադրելու հնարավորությունը։ Այս մասին երեքշաբթի՝ հուլիսի 8-ին, գրել է ամերիկյան The Wall Street Journal թերթը՝ հղում անելով երկու աղբյուրի։


Հրատարակությունը նշում է, որ սա զգալի քայլ կլինի ԱՄՆ գործող վարչակազմի համար, քանի որ խոսքը վերաբերում է առաջին խոշոր սպառազինության համակարգին, որը Վաշինգտոնը կտրամադրի Կիևին՝ բացի այն ամենից, ինչ համաձայնեցվել էր Ջո Բայդենի՝ Թրամփի նախորդի օրոք։


Քանի՞ Patriot համակարգ ունի Ուկրաինան


WSJ-ի զրուցակիցների տվյալներով՝ Սպիտակ տունը Պենտագոն հարցում է ուղարկել ՝ պարզելու Ուկրաինային նոր սպառազինություններ, այդ թվում՝ մեկ Patriot համակարգ, փոխանցելու հնարավորությունները։ Միևնույն ժամանակ, ամերիկացի պաշտոնյաները ստուգում են, թե արդյոք այլ երկրները կարող են տրամադրել Ուկրաինային այդ համակարգերից։


ԱՄՆ պաշտպանական գերատեսչության աղբյուրը լրագրողներին հիշեցրել է, որ մինչ օրս Վաշինգտոնը Ուկրաինային տրամադրել է երեք Patriot համակարգ, ևս երեքը Կիևը ստացել է Գերմանիայից, իսկ մեկը՝ եվրոպական պետությունների խմբից։ Սակայն դրանցից ոչ բոլորն են այժմ պատրաստ կիրառման՝ տեխնիկական սպասարկման հարցերի պատճառով։