ԱՄՆ պաշտպանության նախարարի որոշումը զարմացրել է Սպիտակ տան վարչակազմին․ CNN

CNN-ը, վկայակոչելով հինգ աղբյուրների, հաղորդում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիտ Հեգսեթը չի տեղեկացրել Սպիտակ տան ղեկավարությանը, երբ որոշել է դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումները։


Տեղեկատվության հրապարակումը խուճապ է առաջացրել Թրամփի վարչակազմում, որը փորձել է պարզել դադարի պատճառները և բացատրություն ներկայացնել ՝ Կոնգրեսին և Ուկրաինայի կառավարությանը։


Նշվում է, որ սա արդեն երրորդ դեպքն է, երբ Հեգսեթը նման որոշում է կայացնում առանց տեղյակ պահելու․ նմանատիպ դադարներ եղել են նաև 2025-ի փետրվարին և մայիսին։


Ըստ CNN-ի՝ նույնիսկ պետդեպի ղեկավար Մարկո Ռուբիոն և Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը չեն տեղեկացվել՝ դրա մասին իմանալով մամուլից։


NBC News-ի տվյալներով՝ Հեգսեթը միանձնյա է կայացրել որոշումը, որը հետագայում երկու անգամ չեղարկվել է։


Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ դադարը կապված է Պենտագոնում ընթացող պլանային վերանայումների հետ։ Սակայն Լևիթը հերքել է, որ այն արվել է նախագահի կամ Պենտագոնի նախաձեռնությամբ։


Նշենք, որ տեղեկատվության հրապարակման օրը՝ հուլիսի 7-ին, նախագահ Թրամփը հայտարարեց, որ Ուկրաինային կտրամադրվի ավելի շատ զինատեսակներ։