Թրամփը չի հրաժարվում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից, բայց ունի մի պայման․ Politico

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է աջակցել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին։ Սակայն նա պահանջում է, որ օրինագիծը փոխվի՝ իրեն ավելի մեծ իշխանություն տալով արտաքին քաղաքականության հարցերում։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով Սպիտակ տան և Կոնգրեսի աղբյուրներին։


Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ «Վարչակազմը թույլ չի տա Կոնգրեսին ղեկավարել նախագահի արտաքին քաղաքականությունը։ Օրինագիծը պետք է թույլ տա նախագահին չեղարկել պատժամիջոցները»։


Ներկայիս օրինագիծը թույլ է տալիս նախագահին 180 օրով չեղարկել 500-տոկոսանոց մաքսատուրքերը այն երկրների համար, որոնք ռուսական նավթ և ուրան են գնում։ Սենատոր Լինդսի Գրեմը համաձայնել է երկարացնել այդ ժամկետը, բայց Կոնգրեսի վերահսկողության ներքո։ Սակայն Թրամփի վարչակազմը պահանջում է վերացնել այդ վերահսկողությունը։


Թրամփը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «շատ ուշադիր» է ուսումնասիրում այս նախաձեռնությունը։ Նա ընդգծել է, որ ցանկացած նոր պատժամիջոց պետք է կիրառվի «իր հայեցողությամբ»։ Նա նաև դժգոհել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իբր հրաժարվել է Ուկրաինայում խաղաղության մասին լուրջ բանակցություններից՝ չնայած իր երկարատև ջանքերին։


Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը աջակցում է պատժամիջոգային օրինագծի գաղափարին՝ հավելելով, որ ռուսական ղեկավարությանը «ազդանշան» տալու անհրաժեշտություն կա։


Politico-ն նշում է, որ չնայած սենատորների մեծամասնության աջակցությանը (ավելի քան 80 սենատոր ստորագրել է օրինագծի տակ), Կոնգրեսի հանրապետականները չեն շտապում այն քվեարկության դնել՝ մինչև նախագահի «հստակ և միանշանակ» հավանությունը ստանալը։