ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Ուկրաինային հարյուր միլիոնավոր դոլարների նոր ռազմական օգնության փաթեթ տրամադրելու հնարավորությունը, հայտնում է Politico-ն։
Միջոցները կհատկացվեն այն հիմնադրամից, որը հաստատվել է Կոնգրեսի կողմից նախագահ Ջո Բայդենի օրոք։ Այն թույլ է տալիս Պենտագոնին զենք փոխանցել ԱՄՆ պաշարներից՝ Ուկրաինային աջակցելու համար։ Հիմնադրամում մնացել է մոտ 3.8 միլիարդ դոլար։
Այս ամսվա սկզբին դադարեցվել էր ԱՄՆ օգնության փաթեթը, որը ներառում էր 30 Patriot զենիթային հրթիռ և հարյուրավոր բարձր ճշգրտության զենքեր։ Աղբյուրներից մեկը հայտնել է, որ մոտ 8 հազար 155-մմ հաուբիցի արկեր և 250 կառավարվող համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր արդեն սկսել են մատակարարվել Ուկրաինա, սակայն պարզ չէ, թե երբ կառաքվեն Patriot զենիթային հրթիռները։
Politico-ն հնարավոր մատակարարումները կապում է Դոնալդ Թրամփի՝ NBC News-ի համար արված հայտարարության հետ, որում նա երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություն էր խոստացել։ Նախագահը նաև նշել էր, որ Ուկրաինայի համար ամերիկյան զենքի դիմաց կվճարի ՆԱՏՕ-ն։ «Մենք զենք ենք մատակարարում ՆԱՏՕ-ին, և ՆԱՏՕ-ն այդ զենքի դիմաց 100% վճարում է։ Այսպիսով, ուղարկվող զենքը գնում է ՆԱՏՕ, իսկ հետո ՆԱՏՕ-ն այդ զենքը մատակարարում է Ուկրաինային և վճարում դրա դիմաց», - պարզաբանել է Թրամփը։