ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 14-ին մտադիր է ներկայացնել Ուկրաինային զենքի, այդ թվում՝ հարձակողական սպառազինության մատակարարման ծրագիր։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պորտալի տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմի ղեկավարը երկուշաբթի օրը Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպմանը «կներկայացնի Ուկրաինային զինելու նոր ծրագիրը, որը, ինչպես սպասվում է, կներառի հարձակողական զենք»։ Axios-ը շեշտում է, որ սա «լուրջ տեղաշարժ» կնշանակի Թրամփի քաղաքականության մեջ։
ԱՄՆ ղեկավարը նախկինում հայտարարել էր, որ Վաշինգտոնը Կիևին կուղարկի «ևս որոշ զենք», պարզաբանելով, որ խոսքը վերաբերում է «հիմնականում պաշտպանական» սպառազինությանը։
Պորտալի աղբյուրները պնդում են, որ Թրամփի ծրագիրը կարող է պարունակել դրույթ Ուկրաինային «հեռահար հրթիռների հնարավոր փոխանցման մասին, որոնք կարող են հասնել թիրախների Ռուսաստանի տարածքի խորքում, ներառյալ Մոսկվան»։ Ընդ որում, Axios-ի աղբյուրները նշում են, որ իրենց հայտնի չէ, թե արդյոք վերջնական որոշում կայացվել է այս հարցի շուրջ։
Ավելի վաղ Թրամփը Վաշինգտոնի մերձակա Էնդրյուս ռազմական բազայում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Ուկրաինային լրացուցիչ սպառազինություն կուղարկի, այդ թվում՝ Patriot համակարգերի հրթիռներ, որոնց դիմաց կվճարի Եվրամիությունը։