Հայտնի է, թե ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:


Վարչապետը ջերմորեն շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով և բարեկամ Ֆրանսիային մաղթել բարօրություն և բարգավաճում:


Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար՝ ընդգծելով Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունը զարգացնելու և խորացնելու իր հանձնառությունը:


Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են նաև համատեղ ծրագրերի ընթացքին:


Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Բրյուսելում այսօր տեղի ունեցած քննարկումներին՝ ընդգծելով ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու ՀՀ Կառավարության նպատակադրումը:


Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ: