Շատ դժգոհ ենք Ռուսաստանից. եթե 50 օրում Ուկրաինայի հարցով համաձայնագիր չստորագրվի՝ կլինեն պատժամիջոցներ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ դժգոհ է» Ռուսաստանից և սպառնացել է 100% մաքսատուրքերով, եթե 50 օրվա ընթացքում Ուկրաինայի հետ խաղաղ համաձայնություն ձեռք չբերվի։ Այս մասին Թրամփը հայտարարել է երկուշաբթի՝ հուլիսի 14-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։


«Մենք շատ, շատ դժգոհ ենք նրանցից [Ռուսաստանից]։ Մենք շատ կոշտ մաքսատուրքեր կսահմանենք, եթե 50 օրվա ընթացքում համաձայնություն չլինի. մոտ 100% մաքսատուրքեր։ Դուք կարող եք դրանք անվանել երկրորդական մաքսատուրքեր, դուք գիտեք, թե ինչ է դա նշանակում», - ասել է ամերիկյան նախագահը։


Սպիտակ տունը հստակեցրել է, որ խոսքը վերաբերում է ռուսական ապրանքների վրա 100% մաքսատուրքերի, ինչպես նաև այն երկրների նկատմամբ երկրորդական պատժամիջոցների սահմանմանը, որոնք նավթ են գնում Ռուսաստանից, եթե 50 օրվա ընթացքում համաձայնություն չկնքվի, գրում է Sky News-ը։


Թրամփը նաև կրկնել է, որ «շատ հիասթափված է» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, «որովհետև ես կարծում էի, որ մենք համաձայնության կգայինք դեռ երկու ամիս առաջ, բայց, կարծես, դա տեղի չունեցավ»։


«Ես հույս ունեմ, որ մենք դրան չենք հասնի [մաքսատուրքերին], բայց ես այնքան շատ զրույցներ, զրույցներ և զրույցներ եմ լսել, իսկ հետո հրթիռները թռչում են Կիև և սպանում 60 մարդու», - հավելել է նա։


Իր հերթին Մարկ Ռյուտեն նշել է, որ Կրեմլի ղեկավարը պետք է լուրջ վերաբերվի Թրամփի նախազգուշացմանը։


«Եթե ես այսօր լինեի Վլադիմիր Պուտինը և լսեի, թե ինչ է նախատեսվում 50 օրից, և հայտարարությունը [մաքսատուրքերի մասին], ես կմտածեի, թե արդյոք արժե՞ Ուկրաինայի շուրջ բանակցություններին ավելի լուրջ վերաբերվել, քան մինչ այս», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։