Հուլիսի 14-ին Թբիլիսիի մետրոյի «Վոկզալնայա Պլոշչադ» կայարանի մոտ փլուզվել է բնակելի շենքի մի մասը։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել երկու զոհի մարմիններ։ Տուժածներից մեկին՝ 49-ամյա մի կնոջ, բազմաթիվ վնասվածքներով տեղափոխել են կլինիկա։
Որոնողա-փրկարարական գործողությունները տեղում տևել են մի քանի ժամ։
Տեղացի բնակիչներն ու հարակից շուկայի վաճառողները պնդում են, որ շենքը գտնվում էր վթարային վիճակում, և քաղաքապետարանը տեղյակ էր դրա մասին։ Սոցցանցերի օգտատերերը նույնպես գրում են, որ շենքը վաղուց մտահոգության տեղիք է տվել։ «Ես այստեղ ապրել եմ երկար տարիներ և ամեն օր տեսնում էի, թե ինչպես են ճաքերը լայնանում։ Այնուհետև իբր շուկայի կողմից ամրացրին ճակատային մասը, կատարեցին կոսմետիկ վերանորոգումներ, բայց երևում է, թե դա ինչպես է արվել»,- գրել է նրանցից մեկը։
Դեպքի վայր են ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Քաղաքապետի խոսքով՝ շենքը ճանաչվել է վթարային, նրան տրվել է վնասվածքի հինգերորդ աստիճան, և այն ենթակա չէր վերականգնման։
Կալաձեն հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները բազմիցս հանդիպել են բնակիչների հետ և առաջարկել նրանց մասնակցել բնակարանների փոխարինման ծրագրին, որը թույլ կտար քանդել շենքը և կառուցել նորը։ Սակայն, նրա խոսքով, չի հաջողվել համաձայնության գալ բոլոր բնակիչների հետ. «Ցավոք, այս ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է բոլոր բնակիչների 100-տոկոսանոց համաձայնությունը։ Առանց դրա մենք իրավունք չունենք մարդկանց հարկադրաբար դուրս հանելու։ Մի քանի ընտանիքներ, որոնք համաձայնվել են, վերաբնակեցվել են և այժմ ապահովված են վարձակալական բնակարաններով»։