ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել է Ուկրաինա մեծ հեռահարության Tomahawk թևավոր հրթիռներ փոխանցելու հնարավորությունը, հաղորդում է The Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը՝ հղում անելով աղբյուրին:
Tomahawk հրթիռների մատակարարումը, որոնք, ինչպես հիշատակում է Իգնատիուսը՝ ԱՄՆ-ն օգտագործել է Իրանում թիրախներին հարվածելու համար, քննարկվել է դեռևս ուրբաթ՝ հուլիսի 11-ին: Սակայն այդ հրթիռները չեն ներառվել Ուկրաինայի համար նախատեսված սպառազինության վերջնական ցանկում: Իգնատիուսը կարծում է, որ դրանք կարող են ավելի ուշ փոխանցվել Ուկրաինային, եթե Թրամփին անհրաժեշտ լինեն ճնշման լրացուցիչ լծակներ:
Իգնատիուսի աղբյուրը Պենտագոնից նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն, հավանաբար, կչեղարկի Ուկրաինայում արդեն իսկ առկա ATACMS հրթիռների հեռահարության սահմանափակումները: Նման քայլը թույլ կտա ուկրաինացի զինվորականներին իրենց ունեցած 18 ATACMS հրթիռները օգտագործել ամբողջական հեռահարությամբ՝ մինչև 300 կիլոմետր: Դա բավարար չէ Մոսկվայում կամ Սանկտ Պետերբուրգում թիրախներ խոցելու համար, բայց բավարար է ռուսական ռազմական բազաներին և օդակայաններին խոցելու համար: Tomahawk հրթիռներով, գրում է Իգնատիուսը, ուկրաինացի զինվորականները կարող են հասնել Մոսկվային և Սանկտ Պետերբուրգին:
Իգնատիուսը պնդում է, որ Թրամփը անցյալ շաբաթ հեռախոսազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց հետաքրքրվել է, թե ինչու չի հարվածել Մոսկվային։ «Մենք կարող ենք, եթե դուք մեզ զենք տաք»,- պատասխանել է Զելենսկին։ Իգնատիուսի խոսքով՝ Թրամփը նաև ասել է, որ Ուկրաինան պետք է ավելի շատ ճնշում գործադրի Պուտինի վրա, ընդ որում՝ ոչ միայն Մոսկվայի, այլև Սանկտ Պետերբուրգի վրա։