Գևորգ Պապոյանն ու Ուրուգվայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 15-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 


Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները, հնարավոր համագործակցության ուղիները։   


 

Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական արտադրանքի արտահանման խթանմանը, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև B2B հանդիպումների կազմակերպման հնարավորությանը՝ Ուրուգվայի շուկայում հայկական արտադրանքի առաջմղման նպատակով:


 

Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է օգնել առաջնահերթ ոլորտները և պոտենցիալ ներդրումային գործընկերներին բացահայտելու հարցում:


 

«Մենք նաև առաջարկում ենք ամրապնդել երկկողմանի ներգրավվածությունը՝ գործարար պատվիրակությունների փոխադարձ այցելությունների և հիմնական ոլորտներում փորձագիտական մակարդակի շփումների միջոցով»,- նշել է նախարարը։