ԿԳՄՍ նախարարն ու Շիրակի մարզպետը այցելել են Ախուրյանի երիտասարդական կենտրոն

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն:


Երիտասարդական կենտրոնը գործում է 2025 թվականի հունիսից, այն հիմնվել է ԿԳՄՍ նախարարության, Ախուրյան համայնքի և «Պանդո» ՀԿ-ի համագործակցությամբ։ Նախարարին ուղեկցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։


Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, զրուցել այնտեղ հաճախող դպրոցականների և երիտասարդների հետ։ Կենտրոնն այս պահին ունի ավելի քան 50 շահառու Ախուրյանից և շրջակա բնակավայրերից։


Նախարարը համոզմունք է հայտնել, որ մատչելի կրթական, սոցիալական և մասնակցային միջավայրը զգալիորեն կնպաստի համայնքի երիտասարդների կարողությունների զարգացմանը, առաջնորդության և քաղաքացիական ակտիվության խթանմանը։


Նախարարը հետաքրքրվել է՝ որքանով են կենտրոնի միջավայրն ու գույքային հագեցվածությունն ապահովում բավարար ներառականություն: Կենտրոնի տարբեր հատվածներում շրջայցի ընթացքում նշվել է, որ լուծված են տեղաշարժի հասանելիության խնդիրները:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև ավագ դպրոցների հետ համագործակցությունը՝ կենտրոնի հիմնական ծրագրերն ու գործունեության ուղղությունները, ոչ ֆորմալ կրթական հնարավորություններն աշակերտներին ներկայացնելու նպատակով: