Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ ՀՀ պատվիրակությունը ժամանել է Սոֆիա, հանդիպում է եղել Բուլղարիայի ԱԳ նախարարի հետ:
«Սոֆիա աշխատանքային այցի շրջանակներում երկկողմ հանդիպում եմ ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևի հետ։
Հանդիպման ընթացքում ընդգծվել են երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական և մշակութային դարավոր կապերը, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների հիմքի վրա ձևավորված բարեկամական հարաբերությունները։ Վերահաստատել ենք քաղաքական, տնտեսական, բարձր տեխնոլոգիական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը և նախանշել նոր հեռանկարներ՝ համագործակցության ընդլայնման համար։
Նշեմ, որ այսօր ՀՀ պատվիրակությունը ժամանել է Բուլղարիայի Հանրապետություն՝ մասնակցելու ՀՀ և ԲՀ միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին, ինչպես նաև երկկողմ համագործակցության հնարավոր ուղղությունների քննարկմանն ու դրանց հետագա զարգացմանն ուղղված բանակցությունների նպատակով»,- գրել է Հայրապետյանը: