Դսեղից 15-ամյա տղա է տեղափոխվել Վանաձորի հիվանդանոց

Հուլիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 21:50-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխա, ում բժիշկները միանգամից առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել վիրահատարան։ 


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Լոռու մարզային քրեական վարչություն, որտեղից հիվանդանոց են ժամանել ոստիկանության ծառայողները։


Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ վիրահատարանում է։

Լոռու մարզի քրեական ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական մեքենայով, Լոռու մարզի Դսեղ գյուղից,  վնասվածք է ստացել կրծքավանդակի ձախ հատվածում։


Կայքի տեղեկություններով՝ երեխան Լոռու մարզի բնակիչ 15-ամյա Կ. Է.-ն է։


Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից հիվանդանոց է ժամանել քննչական խումբը:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները ամբողջական պարզելու, մասնակցի կամ մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։