Սկանդալ Ամերիկայում. Թրամփը սպառնում է դատի տալ The Wall Street Journal «երրորդ սորտի» թերթին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դատի կտա The Wall Street Journal-ին՝ «անպարկեշտ նկարով» շնորհավորական նամակի մասին հրապարակված հոդվածի համար, որը, ըստ թերթի, նա գրել է ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնին:


«The Wall Street Journal-ը հրապարակել է ՖԵՅՔ նամակ՝ ենթադրաբար ուղղված [Ջեֆրի] Էպշտեյնին: Դրանք իմ խոսքերը չեն, խոսելու իմ ոճը չէ: Բացի դրանից, ես չեմ նկարում: Դրանք իմ խոսքերը չեն, ես այդպես չեմ խոսում: Եվ ես նկարներ չեմ նկարում: Ես Ռուպերտ Մերդոկին (ամերիկացի մեդիամագնատ և թերթի սեփականատեր) ասացի, որ դա խաբեություն է, և որ նա չպետք է տպագրի այդ կեղծ պատմությունը: Բայց նա այնուամենայնիվ տպագրեց, և հիմա ես պատրաստվում եմ դատի տալ նրան իր երրորդ սորտի թերթի հետ միասին»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում:


Նախօրեին The Wall Street Journal-ը գրել էր, որ 2003 թվականին Ջեֆրի Էպշտեյնի օգնական Գիլեյն Մաքսվելը նրա ծննդյան օրվա առթիվ կազմել էր ալբոմ Թրամփի և իր ղեկավարի «տասնյակ այլ» համախոհների նամակներով: Թերթը Թրամփի նամակը անվանել է «անպարկեշտ» և նկարագրել այն հետևյալ կերպ. «Այն պարունակում է մեքենագրված տեքստի մի քանի տող՝ երիզված մերկ կնոջ ուրվագով, որը, կարծես, ձեռքով է նկարվել հաստ մարկերով...»: Բացիկն ավարտվում է տեքստով. «Շնորհավոր, և թող յուրաքանչյուր օրը դառնա  ևս մեկ հրաշալի առեղծված»:

 

Ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնը մեղադրվում էր մարդկանց առևտրի համար՝ սեռական շահագործման նպատակով: Հետաքննության վարկածով՝ գործարարը սեռական ծառայություններ է ստացել անչափահաս աղջիկներից և դրանք «տրամադրել» ազդեցիկ մարդկանց: Նա ինքնասպան է եղել Նյու Յորքի բանտախցում: Նրա մահից հետո Թրամփը, որը ֆինանսիստի ընկերն էր, բազմիցս արտահայտել է այն տեսությունը, թե Էպշտեյնը «հաճախորդների ցուցակ» է պահել, որոնց նա «տրամադրել է» անչափահասների սեքսի համար, և որ այդ ցուցակում կարող են լինել նաև դեմոկրատները: Նա խոստացել է հրապարակել ցուցակը նախագահի պաշտոնին վերադառնալուց հետո: Սակայն հուլիսի 7-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը և ՀԴԲ-ն հրապարակել են ծառայողական գրություն, որից հետևում է, որ իրենք ապացույցներ չունեն Էպշտեյնի «հաճախորդների ցուցակի» գոյության մասին: Սա դժգոհություն է առաջացրել, այդ թվում՝ Թրամփի ամենահավատարիմ կողմնակիցների շրջանում՝ MAGA ճամբարից: