ԱՄՆ Պետդեպը արտերկրում իր դիվանագետներին արգելել է մեկնաբանել այլ երկրներում ընտրությունները. Reuters

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրահանգներ է ուղարկել ամբողջ աշխարհում դիվանագիտական ներկայացուցչություններին՝ այլևս չմեկնաբանել այլ երկրներում անցկացված ընտրությունները, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով հուլիսի 17-ի ներքին գրությանը:


Կարգադրության մեջ ասվում է, որ Պետդեպարտամենտը այլևս չի հրապարակի ընտրությունների հետ կապված հայտարարություններ կամ սոցիալական ցանցերում գրառումներ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա «հստակ և համոզիչ» կապված կլինի արտաքին քաղաքական հետաքրքրության հետ:


Եթե մեկնաբանությունը տեղին է, հաղորդագրությունը «պետք է լինի հակիրճ, կենտրոնացած հաղթող թեկնածուին շնորհավորելու վրա»: Ընդ որում, «պետք է խուսափել ընտրական գործընթացի արդարության կամ լեգիտիմության, դրա օրինականության կամ երկրի ժողովրդավարական արժեքների վերաբերյալ արտահայտություններից», ասվում է գրառման մեջ։


 Նաև նշվում է, որ ընտրությունների հետ կապված հայտարարությունները պետք է լինեն կամ պետքարտուղարի, կամ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի կողմից։