Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հայտարարելով, որ ամերիկացի քաղաքացիները նրան ընտրել են որպես ԱՄՆ ղեկավար, ոչ թե «ամբողջ աշխարհի կայսր»։ Այս մասին Լուլան ասել է CNN-ին տված հարցազրույցում՝ արձագանքելով Թրամփի սպառնալիքին՝ Բրազիլիայի ապրանքների վրա 50% մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ։
«Մենք չպետք է թույլ տանք, որ նախագահ Թրամփը մոռանա, որ նրան ընտրել են Միացյալ Նահանգները կառավարելու, այլ ոչ թե ամբողջ աշխարհի կայսր լինելու համար», - հայտարարել է նա CNN International-ին տված հարցազրույցում։
Բրազիլիայի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ նախագահը կործանում է 200 տարի գոյություն ունեցող երկկողմ հարաբերությունները։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր օգոստոսի 1-ից բրազիլական ապրանքների վրա 50% մաքսատուրքեր սահմանելու մասին։
Ի պատասխան, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտարարել է, որ Թրամփը «չի փորձում դառնալ աշխարհի կայսր», այլ հանդես է գալիս որպես «ԱՄՆ-ի և ազատ աշխարհի ուժեղ առաջնորդ»։