Ինչպես դիմակայել շոգին. խորհուրդներ ՀՀ առողջապահության նախարարությունից

Այս օրերին օդի բարձր ջերմային ֆոնին, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությանը դիմակայելու, օրգանիզմի գերտաքացումը մեղմելու, կանխելու նպատակով խորհուրդ է տրվում հետևել մի քանի պարզ կանոնի:


 

Առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 11:00-17:00-ի ժամանակահատվածում:


 

«Կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է՝ բամբակյա կտորից հագուստ:


 

Օգտագործել SPF 50 և ավելի, լայն սպեկտրով (UVA և UVB պաշտպանություն), արևապաշտպան քսուք։


 

Հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ:


 

Խմել սովորականից շատ հեղուկներ (օրական շուրջ 3 լիտր), դրանք պետք է լինեն գոլ կամ մի փոքր հովացրած:


 

Չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները՝ թե՛ տաք, թե՛ սառը:


 

Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:


 

Երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք ցանկալի է ցերեկային ամենաշոգ ժամերին հանգիստ ռեժիմ վարեն։


 

Երբեք մի՛ թողեք նորածիններին կամ երեխաներին կայանված մեքենայում, նույնիսկ եթե պատուհանները բաց են»,- ասված է հաղորդագրության մեջ։