Թալինի «Հայ-ԷՄ» հիմնադրամի Դյուցազնատան սաները սահմանել են նոր ռեկորդներ

Թալին համայնքի «Հայ-ԷՄ» հիմնադրամի Դյուցազնատան տնօրեն, մարզիչ Ռոման Սահրադյանի գլխավորությամբ «Դյուցազնատուն» մարզական կենտրոնի 9 մարզիկներ տարատեսակ վարժություններ կատարելով, այսօր սահմանել են  «Գինեսի» 4 և հայկական «Դյուցազնագրքի» 7 ռեկորդներ։

 

Վարժություններին և ռեկորդներին հետևել են Թալինի համայնքապետարանի ներկայացուցիչներ` գլխավորությամբ համայնքի ղեկավարի օգնական Արթուր Հարությունյանի, ԿՄՍԵ բաժնի պետ Լուսինե Ավագյանը,  Կանադայից ժամանած սփյուռքահայ բարերարներ Լևոն և Աննա Աֆեյանները, ինչպես նաև սպորտի ներկայացուցիչներ Լևոն և Սոֆի Արաբյանները, ծնողներ և համայնքի բնակիչներ: Ռեկորդներ սահմանած մարզիկները պարգևատրվել են Թալինի համայնքապետարանի կողմից:

 

Գինեսի ռեկորդներ սահմանեցին սիսիանցի մարզիկ Աշոտ Եղյանը և Երևանից մարզուհի Մարի Դավթյանը։

 

Հայկական «Դյուցազնագրքի» ռեկորդներ սահմանեցին Թալին համայնքի մարզիկներ Պրաքսի Կարապետյանը, Նարեկ և Միսակ Գլճյանները, Դավիթ Օհանյանը, Վահե Մկրտչյանը, Մուշեղ Բարսեղյանը և Գոռ Գաբրիելյանը։

 

Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մարզչին, մաղթում հաջողություններ, ուժ և անվերջ առաջընթաց: