ԱՄՆ նախագահի վարչակազմը գաղտնազերծել է ավելի քան 240 հազար էջ փաստաթղթեր, որոնք վերաբերում են 1968 թվականին հասարակական գործիչ Մարտին Լյութեր Քինգի սպանությանը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Փաստաթղթերը հրապարակվել են ԱՄՆ Ազգային արխիվների և փաստաթղթերի վարչության կայքում հուլիսի 21-ին։
Առաջին անգամ Դաշնային քննչական բյուրոն այդ փաստաթղթերը հավաքել է 1977 թվականին, որից հետո դրանք փոխանցել է ազգային արխիվին։ Փաստաթղթերի մեջ կան Քինգի հետապնդման նյութերը, ինչպես նաև նրա սպանությունից հետո ստացված տեղեկություններ։ Մասնավորապես, ինչպես նշում է AP-ն, փաստաթղթերից պարզ է դառնում, որ ԿՀՎ-ն ուշադրությամբ հետևել է, թե ինչպես է Քինգը մասնակցել պատերազմի և աղքատության դեմ պայքարող միջազգային շարժումներին։
Մինչ օրս պարզ չէ, թե արդյոք փաստաթղթերը պարունակում են տեղեկություններ, որոնք լույս կսփռեն նրա սպանության վրա, նշում է Associated Press-ը։
Մարտին Լյութեր Քինգի ապրող երեխաներից երկուսը՝ 63-ամյա Մարտին III-ը և 62-ամյա Բերնիսը, հայտարարել են, որ իրենց հոր սպանությունը «տասնամյակներ շարունակ մեծ հետաքրքրություն է առաջացրել հասարակության մոտ»։ Նրանք ընդգծել են, որ սա անձնական բնույթ է կրում և կոչ են արել հրապարակված փաստաթղթերը դիտարկել «ամբողջական պատմական համատեքստում»։ Նրանք նաև կրկնել են ընտանիքի վաղեմի հայտարարությունը, որ Ջեյմս Էրլ Ռեյը, ով դատապարտվել է Քինգի սպանության համար, միակ մեղավորը չէ, եթե ընդհանրապես մեղավոր է եղել։
Բերնիս Քինգը և Մարտին Լյութեր Քինգ Երրորդը իրենց հայտարարության մեջ չեն հիշատակել Դոնալդ Թրամփին։ Սակայն Բերնիս Քինգը իր ինստագրամյան էջում հրապարակել է հոր՝ Մարտին Լյութեր Քինգի լուսանկարը՝ մակագրությամբ. «Հիմա զբաղվեք Էփշտեյնի գործերով»։