Հրաձգություն Մանհեթենի երկնաքերում. կան զոհեր

Երեկ գիշերը Մանհեթենի կենտրոնում գտնվող գրասենյակային շենքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան: Այս մասին հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով Նյու Յորքի ոստիկանության ներկայացուցչին:


Զոհերի թվում է Նյու Յորքի ոստիկանության սպա: Իրավապահ մարմինների աղբյուրները հայտնել են, որ կրակողը ինքնասպան է եղել: Հանցագործության դրդապատճառը դեռևս անհայտ է: Հետաքննությունը ուսումնասիրում է տարբեր վարկածներ՝ հիմնվելով չարագործի անձնական տվյալների վրա:


Fox News-ը հայտնել է առնվազն վեց զոհի մասին: ABC News-ը, հղում անելով աղբյուրին, հաղորդում է, որ գրասենյակային շենքում կրակ բացած կասկածյալը ինքնասպան է եղել 33-րդ հարկում: CNN-ի տվյալներով՝ կրակողը 27-ամյա տղամարդ է Լաս Վեգասից: Ոստիկանությունը կարծում է, որ նա գործել է մենակ:


 Հրաձգությունը տեղի է ունեցել այն շենքում, որտեղ տեղակայված են Blackstone-ի և Ազգային ֆուտբոլային լիգայի (NFL) գլխավոր գրասենյակները, մանրամասնել է ABC-ն: Այնտեղ նաև վարձակալված են KPMG և J.P. Morgan գրասենյակները, նշել է NBC-ն: Ոստիկանությունը շրջափակել է շենքը: ՀԴԲ-ն հայտնել է, որ դեպքի վայր են ուղարկել իրենց աշխատակիցներին: