ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 28-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ի աշխատակազմը:


 

«Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ վերջին իրադարձությունների հետևանքով կալանավորված Աղվան Արշակյանի հետ։


 

Ուսումնասիրվել են նրանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն:


 

Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:


 

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն:


 

Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո»,- ասվում է հաղորդագրությունում: