Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երևանի քաղաքապետարանը և վարչական շրջանները շարունակելու են ապօրինի կառույցների ապամոնտաժումը, և այն տարածքները որոնք տարիների ընթացքում զավթվել են տարբեր մարդկանց կողմից վերադարձվում է և վերադարձվելու է երևանցուն։
Սրան այլընտրանք ուղղակի չկա։
Հիշեցնեմ նաև, որ ՀՀ օրենսդրության համաձայն` ինքնակամ շինությունները (այն շինությունները, որոնք կառուցվել են առանց համապատասխան թույլտվության կամ խախտելով նախագծային ու նորմատիվ պահանջները) ենթակա են ապամոնտաժման։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, ինչպես նաև «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի և համայնքային իրավական ակտերի հիման վրա, այն շինությունները, որոնք տարբեր հանձնաժողովային քննարկումների արդյունքում չեն ճանաչվել օրինականացման ենթակա, պետք է ապամոնտաժվեն սեփական նախաձեռնությամբ։
Հորդորում ենք այն քաղաքացիներին, որոնց պատկանող շինությունները համապատասխանում են վերը նշված պայմաններին, իրականացնել ինքնուրույն ապամոնտաժում, հակառակ դեպքում համայնքը կիրականացնի ապամոնտաժումը պարտադրանքով` օրենքով սահմանված կարգով, ինչը Երևան համայնքին կբերի լրացուցիչ ֆինանսական ու տեխնիկական ծախսերի:
Նշված ռեսուրսները կարող են առավել արդյունավետ ծառայել համայնքային կարիքներին, ուստի ակնկալում ենք ձեր ըմբռնումն ու համագործակցությունը:
Սիրենք մեր հրաշք մայրաքաղաքը, որը ակնհայտորեն գեղեցկանում է ամեն օր: