ԱՄՆ սենատոր Ռիչարդ Բլյումենտալը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «արժանի չէ լրացուցիչ ժամանակի», և կոչ է արել արագացնել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների մասին օրինագծի քննարկումը։ Նա այս մասին ասել է ուկրաինական «Суспільне» հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ։
«Ես համաձայն եմ, որ Վլադիմիր Պուտինը արժանի չէ լրացուցիչ ժամանակի, և մենք
պետք է արագացնենք պատժամիջոցների մասին օրինագծի քվեարկությունը։ Այն ամենը, ինչ
անում է նախագահը, ճիշտ ուղղությամբ է, բայց ես ակտիվորեն կողմ եմ, որ
պատժամիջոցները լինեն 500%, ոչ թե 100%»,- ընդգծել է Բլյումենտալը։
Նրա խոսքով՝ Սենատում արդեն կան նախաձեռնության 85
կողմնակիցներ, և լրիվ իրատեսական է դրա ընդունման համար անհրաժեշտ 90 ձայնի
ապահովումը։
«Մենք պետք է օգտվենք պահից և աջակցություն ցուցաբերենք
Ուկրաինային։ Քվեարկությունը հասանելի և անհրաժեշտ նպատակ է»,- հավելել է նա։
Սենատորը նշել է, որ պատժամիջոցների մասին օրինագիծը կարող
է կարևոր դեր խաղալ պատերազմի ավարտի գործում. «Պուտինը պետք է հասկանա սա»։
Միևնույն ժամանակ ԱՄՆ
Պետդեպարտամենտի մամուլի
քարտուղար Թեմի Բրյուսը, մեկնաբանելով ԱՄՆ
նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները, նշել է, որ ոմանք կարող են սխալ
մեկնաբանել նրա զսպվածությունը Ռուսաստանի նկատմամբ։
«Նա համբերատար է եղել, և դա հնարավոր է որոշների կողմից սխալ
հասկացվել, բայց կարծում եմ, որ այդ մեկնաբանությունների ժամանակն անցել է»,- ասել
է Բրյուսը։
Հիշեցնենք, որ Թրամփը կրճատել է հրադադարի համար Պուտինին նախկինում ներկայացրած ժամկետը՝ 50 օրից դարձնելով մինչև 10 օր։