Պեկինը կշարունակի նավթ գնել Ռուսաստանից՝ չնայած ԱՄՆ-ի կողմից բարձր մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը՝ չինացի պաշտոնյաների հետ բանակցությունների արդյունքներով, հաղորդում է Reuters-ը։
Բեսենթը Ստոկհոլմում կայացած բանակցություններում Չինաստանին զգուշացրել է պատժամիջոցների տակ գտնվող ռուսական և իրանական նավթի գնման հետևանքների մասին։ Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսն օրենք էր ընդունել, որը թույլ է տալիս մինչև 500% մաքսատուրքեր սահմանել նման նավթ ձեռք բերող երկրների համար։ Նա նաև մատնանշել է Չինաստանի կողմից Ռուսաստանին ավելի քան 15 միլիարդ դոլարի երկակի նշանակության ապրանքների մատակարարումները, որոնք, իբր, աջակցում են Մոսկվային Ուկրաինայի հետ հակամարտությունում։ Նշենք, որ Չինաստանը մնում է ռուսական նավթի խոշորագույն ներմուծողը՝ օրական գնելով մոտ 2 միլիոն բարել, որին հաջորդում են Հնդկաստանը և Թուրքիան։
Այնուամենայնիվ, Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ Պեկինը կպաշտպանի իր էներգետիկ անկախությունը և որոշումներ կկայացնի՝ ելնելով ազգային շահերից։
Բեսենթի խոսքով՝ եթե առաջիկա 10-12 օրվա ընթացքում Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները մեռյալ կետից չշարժվեն, ռուսական նավթ ներմուծողները կբախվեն 100-տոկոսանոց մաքսատուրքերի։ Բեսենթը նաև զգուշացրել է Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենգին, որ Չինաստանի կողմից երկակի նշանակության ապրանքների առևտուրը, որոնք Ռուսաստանն օգտագործում է ռազմական նպատակներով, վտանգում է Պեկինի հարաբերությունները Եվրոպայի հետ։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Վաշինգտոնը մեղադրել էր Պեկինին ռուսական բանակին անուղղակի աջակցություն ցուցաբերելու մեջ։ ՄԱԿ-ում ՉԺՀ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը մերժել էր մեղադրանքները՝ ընդգծելով, որ Պեկինը զենք չի տրամադրում հակամարտության կողմերից ոչ մեկին և կողմ է քաղաքական կարգավորմանը։ Նա ԱՄՆ-ին մեղադրել էր պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելու և «դիմակայություն հրահրելու» փորձերի մեջ։