Կանադան նույնպես պատրաստվում է ճանաչել Պաղեստին պետությունը. Թրամփի արձագանքը՝ «վաո՜ւ»

Կանադան նույնպես պատրաստվում է ճանաչել Պաղեստին պետությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում, որը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերին, հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։


«Կանադան վաղուց հակված է երկու պետությունների ստեղծման լուծմանը՝ անկախ, կենսունակ և ինքնիշխան պաղեստինյան պետության, որը խաղաղության և անվտանգության մեջ կապրի Իսրայել պետության հետ կողք կողքի»,- ասել է Քարնին։ Նա հավելել է, որ Օտտավան դատապարտում է Իսրայելի կառավարությանը, որը «Գազայում թույլ է տվել աղետ»։


Կանադայի վարչապետի խոսքով՝ Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը իրեն վստահեցրել է, որ 2026 թվականին կանցկացնի ընտրություններ, որոնց ՀԱՄԱՍ-ը «չի մասնակցի», և պարտավորվել է «չռազմականացնել» պաղեստինյան պետությունը։


Իսրայելի ԱԳՆ-ն Կանադայի կառավարության որոշումը անվանել է «պարգև ՀԱՄԱՍ-ին» և «հարված Գազայում հրադադարի հասնելու ջանքերին»։


Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պաղեստինը ճանաչելու Կանադայի որոշումը խոչընդոտ կդառնա Միացյալ Նահանգների հետ առևտրային հարաբերություններին։ «Վաո՜ւ։ Կանադան հենց նոր հայտարարեց, որ աջակցում է Պաղեստինի պետականությանը։ Սա մեզ համար շատ կդժվարացնի նրանց հետ առևտրային համաձայնագրի կնքումը»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Պաղեստինը ճանաչելու  մտադրության մասին հուլիսի 30-ի երեկոյան հայտարարել է նաև Մալթան։ Վարչապետ Ռոբերտ Աբելան հայտարարել է, որ դա երկրի ջանքերի մի մասն է՝ «Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության հասնելու համար»։