ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը կայցելի Ռուսաստան
ԱՄՆ առաջնորդի կողմից Մոսկվային տրված 10-օրյա վերջնաժամկետի ավարտի նախօրեին, որը
ԱՄՆ նախագահը տվել էր Մոսկվային Ուկրաինայում կրակը դադարեցնելու համար, հաղորդում
է AFP-ն։
Թրամփը լրագրողներին ասել է, որ Ուիթկոֆը կայցելի Ռուսաստան
օգոստոսի 6-ին կամ 7-ին. «Նրանք ուզում են տեսնել նրան։ Նրանք խնդրել են
հանդիպում, այնպես որ կտեսնենք՝ ինչ դուրս կգա դրանից»։
Լրագրողների հարցին՝ ի՞նչ ուղերձ է Ուիթկոֆը փոխանցելու Մոսկվային, և արդյոք Ռուսաստանը կարո՞ղ է
ինչ-որ բան անել պատժամիջոցներից խուսափելու համար, Թրամփը պատասխանել է. «Այո,
[Ռուսաստանը կարող է] պայմանավորվել, որպեսզի մարդիկ դադարեն մահանալ»։ Այնուհետև
Դոնալդ Թրամփը հավելել է. «Կլինեն պատժամիջոցներ, բայց նրանք, կարծես,
բավականին լավ են կարողանում դրանք շրջանցել։ Գիտեք, նրանք խորամանկ են և վատ չեն պատժամիջոցները
շրջանցելու հարցում, այնպես որ կտեսնենք՝ ինչ կլինի։ Բայց հիմա Սթիվը
կենտրոնացած է սահմանի վրա՝ նկատի ունեմ Գազայում իրավիճակը, մարդկանց սննդով ապահովելով»։
Լրագրողների հետ
զրույցում Թրամփը նաև ասել է, որ երկու միջուկային սուզանավերը, որոնք նա
տեղակայել է Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ առցանց վեճից հետո,
այժմ «տարածաշրջանում» են։ Նա չի մանրամասնել սուզանավերի տեսակը կամ դրանց
տեղակայման վայրը։