Սարքը, որի պատճառով խափանվել էր «ԱրՔա» համակարգը, հիմա հետազոտում է արտադրողը. ԿԲ փոխնախագահ

«ԱրՔա» վճարահաշվարկային համակարգի անխափան աշխատանքի հետ կապված ՀՀ կենտրոնական բանկն ուսումնասիրություններ արել է ու շարունակում է անել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։


««ԱրՔա» վճարահաշվարկային համակարգի աշխատանքի խափանման պատճառը եղել է սարքի խափանման արդյունք։ Դա արտասահմանյան մեծ հեղինակություն ունեցող ընկերության կողմից տրամադրվող սարք է։ Հիմա հետազոտություններ են անցկացվում ու մասնագետներ են ներգրավվել հասկանալու համար` խնդիրը որն է եղել։ Հիմա պետք է հասկանալ անսարքության պատճառը, որպեսզի հնարավոր լինի ապագայում խուսափել նման իրավիճակներից»,– նշեց Նուրբեկյանը։


Նրա խոսքով` ԿԲ–ն իր վերահսկողության շրջանակում 2022 թվականից սկսած որոշակի խորհրդատվություն է տալիս «ԱրՔա»–ին և հետամուտ է լինում, որ դրանք կատարվեն։ Նուրբեկյանը վստահեցրեց, որ համակարգն իրենց խորհուրդների մեծ մասին հետևել է, մյուս մասի հետ կապված շարունակելու են աշխատանքները, որպեսզի ԿԲ–ի այդ խորհուրդները ևս կատարվեն։


«Երկու հանգամանք կա, որոնք մենք չպետք է անտեսենք։ Նախ ՀՀ–ում անկանխիկ գործարքների քանակն անհամեմատ ավելացել է, և, բնականաբար, համակարգի ծանրաբեռնվածությունը ևս աճում է։ Ամբողջ աշխարհում համակարգերը խափանվում են, նաև շատ զարգացած երկրներում, մեզ մոտ ուղղակի խնդիրն այն է եղել, որ այդ խափանումը բավականին երկար է տևել։ Հիմա մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ խափանումները լինեն առավել կառավարելի»,– ընդգծեց ԿԲ փոխնախագահը։