Պատժամիջոցների սպառնալիքը Պուտինին ստիպեց փոխել ռազմավարությունը. ԱՄՆ Պետդեպ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձգձգում է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցով խաղաղության բանակցությունները, սակայն Ամերիկայի կողմից նոր պատժամիջոցների սպառնալիքը նրան ստիպել է վերանայել իր ռազմավարությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Թեմի Բրյուսը։


Ինչպես հաղորդում է NewsNation-ը, մեկնաբանելով հարցը, թե ինչու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ, որ Պուտինը կրկին չի խաբում իրեն, Բրյուսը նշել է՝ Ռուսաստանի առաջնորդը հազվադեպ չէ, որ ձգձգում է բանակցային գործընթացը՝ փորձելով ժամանակ շահել։


«Երբեմն իսկապես փորձեր են ձեռնարկվում գործընթացը ձգձգելու, խաղի մեջ այլ խաղացողների ներքաշելու։ Մենք տեսնում ենք, որ Պուտինի համար սա կարող է ժամանակ շահելու և իրավիճակը իր օգտին փոխելու միջոց լինել։ Խոսքը միայն պատերազմի մասին չէ, այլև տնտեսության»,- հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։


Նրա խոսքով՝ Թրամփի կողմից տնտեսական միջոցներ՝ ներառյալ երկրորդային կամ նույնիսկ ուղղակի պատժամիջոցներ կիրառելու պատրաստակամության մասին հստակ ազդանշանը կարող է դառնալ շրջադարձային կետ և ազդել Պուտինի հաշվարկների վրա։