Հանձնարարել եմ ջրագծերի անցկացման պատճառով քանդված ճանապարհահատվածներն արագ ասֆալտապատել. Խուդաթյան

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը փոխնախարար Վահան Կոստանյանի, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանի, «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության տնօրեն Մարիաննա Շահինյանի, մարզպետների, համայնքապետերի հետ այցելել է Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզեր`ծանոթանալու ընկերության կողմից ջրամատակարարման քայքայված ցանցի վերակառուցման և ջրաքանակի տնտեսման ուղղությամբ տարվող աշխատանքներին։


Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է նախարարը:


«Առաջին կանգառը Քասախ բնակավայրն էր, որտեղ նախատեսված է վերակառուցել մոտ 18.4 կմ երկարությամբ հիմնական ջրագիծ, կառուցել թվով 900 անհատական բնակելի տների ջրաչափական նոր հանգույցներ և մոտ 4.5 կմ երկարությամբ մուտքագիծ:




Ծրագրի արդյունքում ակնկալվում է տնտեսել 30 լ/վրկ ջրաքանակ:


Հաջորդ կանգառը Պռոշյանն էր, որտեղ նախատեսված է վերակառուցել մոտ 20.6 կմ երկարությամբ հիմնական ջրագիծ, կառուցել թվով 1200 անհատական բնակելի տների ջրաչափական նոր հանգույցներ և մոտ 7.2 կմ երկարությամբ մուտքագիծ:


Այս ծրագրի արդյունքում ակնկալվում է տնտեսել 40 լ/վրկ ջրաքանակ, բնակիչներին ապահովել կանոնավոր ջրամատակարարմամբ:



Նմանատիպ աշխատանք էր իրականացվում նաև Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրում։
Այստեղ նախատեսված է վերակառուցել մոտ 7.9 կմ երկարությամբ հիմնական ջրագիծ, կառուցել թվով 500 անհատական բնակելի տների ջրաչափական նոր հանգույցներ և մոտ 3.5 կմ երկարությամբ մուտքագիծ:


Եղանք նաև Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած բնակավայրում։
Այնտեղ հիմնովին վերակառուցվում է բաշխիչ ցանցը։
Նախատեսված է վերակառուցել մոտ 12.8 կմ երկարությամբ հիմնական ջրագիծ, կառուցել թվով 700 անհատական բնակելի տների ջրաչափական նոր հանգույցներ և մոտ 4.2 կմ երկարությամբ մուտքագիծ:



Բոլոր շինհրապարակներում հանձնարարել եմ աշխատանքներն իրականացնել սահմանված գրաֆիկով, բարձր որակով, ինչպես նաև հետևողական լինել ջրագծերի անցկացման պատճառով քանդված ճանապարհահատվածներն արագ ասֆալտապատելու հարցում։