ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի հետ համաձայնագրեր կստորագրի. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի և Ադրբեջանի հետ համաձայնագրեր կստորագրի էներգետիկայի, տեխնոլոգիաների, տնտեսական համագործակցության, սահմանային անվտանգության, ենթակառուցվածքների և առևտրի վերաբերյալ:


Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի փոխխոսնակ Աննա Քելլին՝ այլ մանրամասներ չտրամադրելով:


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Փաշինյանն ու Ալիևը պաշտոնապես խաղաղություն կկնքեն։   


Օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առանձին հանդիպումը:


Դրան կհաջորդի Թրամփի ու Ալիևի հանդիպումը, իսկ այնուհետև ՀՀ ժամանակով 00:00-ին կմեկնարկի Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպումը:


Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: