Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան մոտ դիմավորեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ինչպես Վաշինգտոնից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Հայաստանի և ԱՄՆ դրոշների դիմաց պաշտոնական ձեռքսեղմումից և լուսանկարահանումից հետո երկու երկրների ղեկավարները մտան Սպիտակ տուն, որտեղ րոպեներ անց կմեկնարկի պատմական Փաշինյան-Թրամփ հանդիպումը։
Ակնկալվում է, որ հանդիպումից հետո կողմերը հանդես կգան հայտարարություններով։
Ավելի վաղ ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։
Դոնալդ Թրամփն օգոստոսի 8-ին Truth Social հարթակում անդրադարձել էր Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ սպասվող եռակողմ հանդիպմանը՝ այն որակելով պատմական։
«Ես անհամբերությամբ սպասում եմ Սպիտակ տանը հյուրընկալելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատմական խաղաղության գագաթնաժողովի համար», - գրել էր ԱՄՆ նախագահը։
Նա հավելել էր, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը բավականին երկար ժամանակ համագործակցել է երկու կողմի հետ և նշել, որ օգոստոսի 8-ին վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը Սպիտակ տանը կմիանան իրեն՝ մասնակցելու խաղաղության փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությանը։