«Չնայած Պուտինի և մյուսների փորձերին՝ միայն Թրամփը կարողացավ բանակցել այս պատմական խաղաղության շուրջ». Պետդեպը՝ Հայաստան-Ադրբեջան հռչակագրի մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագրերին և մասնավորապես նշել. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագիրը կրկին հաստատեց, որ նախագահ Թրամփը իսկապես խաղաղության նախագահ է: Անցյալ շաբաթ նա Սպիտակ տանը հյուրընկալեց Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին, որտեղ նրանք ստորագրեցին պատմական համատեղ հռչակագիր խաղաղության մասին տասնամյակներ տևած դաժան հակամարտությունից հետո, որը բազմաթիվ զոհերի պատճառ էր դարձել. սա միջազգային դիվանագիտության նշանակալի նվաճում է և բռնության դադարեցում, որը կարող էր ապահովել միայն նախագահ Թրամփը»:


Խոսելով Միացյալ Նահանգների հետ երկու երկրների առաջնորդների ստորագրած երկկողմ տնտեսական համաձայնագրերի մասին՝ Բրյուսն ընդգծել է, որ դրանք բացահայտում են Հարավային Կովկասի տարածաշրջանի հսկայական ներուժը առևտրի, տարանցման, էներգետիկայի, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև նոր հնարավորություններ են ստեղծում ամերիկյան ժողովրդի և ամերիկյան բիզնեսի համար։


Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Իրանի արձագանքներին վաշինգտոնյան պայմանավորվածություններին, ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչն ասել է. «Ես չեմ պատրաստվում ենթադրություններ անել այն մասին, թե ինչ կարող ենք կամ չենք կարող անել այս կամ այն գործողության դեպքում։ Աշխարհը գիտի, որ նախագահ Թրամփին պետք է լրջորեն վերաբերվել։ Այս գործարքը, այս համաձայնագիրը կարևոր է նրա համար։ Նրանք եղել են Սպիտակ տանը։ Դա կարևոր է այս վարչակազմի համար։ Դա կարևոր է աշխարհի համար»։


Նրա խոսքով՝ չնայած շատերն են փորձել՝ եվրոպացիները, ֆրանսիացիները, Պուտինը, նույնիսկ Բայդենը, բայց միայն նախագահ Թրամփը կարողացավ հաջողությամբ միավորել այս երկու երկրները և բանակցել այս պատմական խաղաղության շուրջ. «Ուստի, կարծում եմ, աշխարհը գիտի, որ նա հանձնառու է երկրների միջև երկարատև, կայուն խաղաղությանը՝ անկախ նրանից, թե որքան են տևում հակամարտությունները կամ թշնամանքը։ Եվ այդ հանձնառությունը, ինչպես տեսանք, նա իրատես է, հիմնված է դիվանագիտության վրա, բայց նա կանի ամեն ինչ, որպեսզի  առավելագույնս արդյունավետ օգտագործի Միացյալ Նահանգների նախագահի իր պաշտոնը և դադարեցնի պատերազմները»։