ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև Ալյասկայում ուրբաթ օրը նախատեսված գագաթնաժողովը որակել է որպես իրավիճակի գնահատման հանդիպում:
«Անկեղծ ասած, կարծում եմ, որ այս հանդիպումը հողը շոշափելու համար է,- ասել
է Ռուբիոն:- Ահա այսպես ես այն կբնութագրեի. նախագահը երեք կամ չորս անգամ
հեռախոսով խոսել է Պուտինի հետ, և դրանից ոչինչ չի ստացվել, կամ, ծայրահեղ
դեպքում, մենք դեռ չենք հասել նրան, ինչ ուզում ենք: Ուստի նախագահը կարծում է, որ
իրեն պետք է նայել այդ մարդու աչքերի մեջ, հանդիպել նրա հետ դեմ առ դեմ, անձամբ լսել
նրան և գնահատել իրավիճակը»:
Ռուբիոն ընդգծել է, որ Թրամփի համար առաջիկա հանդիպումը չի նշանակում զիջել։
«Հանդիպումը միջոց է պարզելու և որոշում կայացնելու։ Նա ցանկանում է ունենալ բոլոր
փաստերը, նայել զրուցակցի աչքերի մեջ, և հենց դա է նա մտադիր անել,- բացատրել է
նա։- Անկեղծ ասած, այս հանդիպման ժամանակ մենք շատ արագ կհասկանանք՝ արդյոք այն
հաջողության շանս ունի՞, թե՞ ոչ»։
Ռուբիոն Թրամփին անվանել է ականավոր բանակցող՝ եզակի հոտառությամբ և անձնական
գործարքների բարեհաջող փորձով: «Կարծում եմ՝ ուրբաթ օրվա հանդիպումը հենց դրա
մասին կլինի, և այդ ժամանակ մենք ավելի լավ կհասկանանք իրավիճակը,- ասել է նա:- Դա
հեշտ չի լինելու»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի
15-ին: Այդ մասին հայտարարվել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝
Մոսկվա այցելությունից և օգոստոսի 6-ին Պուտինի հետ նրա բանակցություններից հետո: