Վերացնել անորակ աշխատանքը, տեղադրել նոր ասֆալտ. Խուդաթյանը ծանոթացել է Շիրակի մարզում կատարվող աշխատանքներին

ՏԿե նախարար Դավիթ Խուդաթյանը  աշխատանքային այցով Շիրակի մարզում է եղել:


Նա ՏԿԵ փոխնախարար Վարդան Կոստանյանի, մարզպետ Դավիթ Առուշանյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, մարզի համայնքապետերի հետ դիտարկել է մարզի տարբեր համայնքներում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման ներքո իրականացվող ծրագրերի ընթացքը:


«Նախ ծանոթացանք Անի համայնքի Հայկաձոր բնակավայր տանող ճանապարհի 1.5 կմ երկարությամբ հատվածի՝ սուբվենցիոն ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ընթացքին:

Այնուհետև դիտարկեցինք Զարինջա–Շիրակի մարզի սահման 2.5 կմ և Տ-7-20, Ձիթհանքով-Արագածոտնի մարզի սահման-1.8 կմ երկարությամբ ճանապարհի՝ Շիրակի մարզով անցնող հատվածի հիմնանորոգման աշխատանքները։


499 մլն դրամ պայմանագրային արժեքով ծրագրի շինարարությունը մեկնարկել է 2025 թվականին։


Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հր. Շահինյան փողոցի՝ 1 կմ երկարությամբ ճանապարհահատվածը, որի աշխատանքները գտնվում են ակտիվ ընթացքի մեջ:


Եղանք նաև Արթիկ համայնքում, որտեղ մի քանի փողոցներում իրականացվում են ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ:


Նոր Կյանք բնակավայրում այցելեցի նաև «LEAD4Shirak» ծրագրի շրջանակներում, ԵՄ համաֆինանսավորմամբ կառուցված վարդերի ջերմատուն։


Գյումրիում դիտարկել ենք մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները:

Որոշակի խնդիրներով պայմանավորված՝ հանձնարարել եմ վերացնել առկա թերությունները և ասֆալտապատման աշխատանքներն իրականացնել միչև ցուրտ եղանակի սկսվելը:


Թերություններ էին առկա նաև Աշոցք - Բավրա ավտոճանապարհի հիմնանորոգված հատվածում:


Շինարարին հանձնարարել եմ ամբողջովին վերացնել անորակ աշխատանքը, տեղադրել նոր ասֆալտաշերտ, այլապես կառավարությունը նշված ճանապարհի մասով ֆինանսավորում չի իրականացնի։


Շինարարական բոլոր օբյեկտներում հստակ ընդգծել եմ՝ անորակ աշխատանքը չի ընդունվելու և չի վճարվելու, բոլոր ճանապարհների հիմնական բաղադրիչները ստուգվելու են պետական լաբորատորիայում։


Շիրակի մարզ այցի ընթացքում պատասխանել եմ նաև մարզային լրատվամիջոցների լրագրողների հարցերին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Խուդաթյանը: