Շվեյցարիայի Ժնևում շարունակվում է Պլաստիկ աղտոտման վերաբերյալ միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք մշակելու միջկառավարական բանակցային կոմիտեի (ՄԲԿ) 5-րդ նիստի 2-րդ հատվածը (INC-5.2), որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պարտականությունները կատարող Արամ Մեյմարյանի գլխավորությամբ։ Շրջակա միջավայրի նախարարության փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում են նաև ՇՄՆ վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչության պետ Լիանա Փափախչյանը, Միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արսեն Նիկոյանը և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչության առաջին քարտուղար Համբարձում Մինասյանը։
Օգոստոսի 12-ից ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) նախաձեռնությամբ անցկացվում են բարձր մակարդակի նախարարական հանդիպումներ, որտեղ Արամ Մեյմարյանը ներկայացրել է Հայաստանի փորձն ու նախաձեռնությունները․
Իր ելույթում Արամ Մեյմարյանը շեշտել է, որ պլաստիկ աղտոտումը մեր ժամանակների ամենահրատապ բնապահպանական մարտահրավերներից է․ պլաստիկ թափոնները քայքայվելով դառնում են միկրոպլաստիկներ, որոնք թափանցում են օդ, ջուր և սննդային շղթաներ՝ սպառնալիք ստեղծելով շրջակա միջավայրի, կենսաբազմազանության և մարդկային բարեկեցության համար։
Որպես ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմ և 2026թ․ Երևանում կայանալիք COP17-ի ընդունող երկիր՝ Հայաստանը պատրաստ է համատեղ ջանքերով դիմակայելու այս փոխկապակցված մարտահրավերներին։ Նախարարի տեղակալը բոլոր երկրների ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու COP17-ին՝ որպես կարևոր հարթակ համաշխարհային բնապահպանական քաղաքականության ձևավորման համար։