Օգոստոսի 14-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17:25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «Mercedes G500» և «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է տարբեր հիվանդանոցներ:
Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է:
Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենաներից մեկը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել բաժանարար գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դեպի Սևան ընթացող ճանապարհահատվածում, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: