«Նախապատրաստվում ենք Պուտին-Զելենսկի հանդիպմանը». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի և Եվրամիության առաջնորդների հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է Ուկրաինայի և ՌԴ նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի անձնական հանդիպման նախապատրաստման մասին:


«Մենք քննարկեցինք Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները, որոնք կտրամադրեն եվրոպական երկրները՝ Միացյալ Նահանգների համակարգմամբ: (Այնուհետև) ես զանգահարեցի նախագահ Պուտինին և սկսեցի նախապատրաստվել նախագահ Պուտինի ու նախագահ Զելենսկու միջև հանդիպմանը: Դրանից հետո կլինի եռակողմ հանդիպում (Ռուսաստանի, Ուկրաինայի նախագահները)՝ և ես»,- գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում:


Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, որը մասնակցել է եվրոպացի առաջնորդների բանակցություններին Միացյալ Նահանգների և Ուկրաինայի հետ, հայտարարել է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումը նախատեսված է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Սակայն նա կասկած է հայտնել առ այն, թե Պուտինին «կբավարարի համարձակությունը» հանդիպելու Զելենսկու հետ։


AFP-ն պնդում է, որ Պուտինը պատրաստ է բանակցել Ուկրաինայի նախագահի հետ: Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը, հղում անելով աղբյուրին, գրել է, որ Սպիտակ տունը հույս ունի նրանց հանդիպումը անցկացնել մինչև օգոստոսի վերջը:


Զելենսկու խոսքով՝ հենց Ռուսաստանն է առաջարկել Թրամփին նախ երկկողմ, ապա եռակողմ հանդիպում անցկացնել պետությունների ղեկավարների մակարդակով։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ առանց որևէ նախապայմանի. «Որովհետև եթե մենք սկսենք պահանջել նախնական հրադադար, Ռուսաստանը կսկսի առաջադրել հարյուր այլ պայմաններ»։


Կրեմլը հաստատել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը, սակայն չի հաստատել Ռուսաստանի նախագահի պատրաստակամությունը հանդիպելու Ուկրաինայի առաջնորդի հետ: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը միայն հայտարարել է, որ Պուտինը և Թրամփը քննարկել են ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների «մակարդակը բարձրացնելու» հնարավորությունը: Պուտինն ավելի վաղ հրաժարվել էր Զելենսկու հետ անձնական հանդիպումից: