Սպիտակ տունը X-ի իր օգտահաշվում հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը Օվալաձև կաբինետում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Կադրում երևում են նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն և փոխնախագահ Ջեյ Դի
Վենսը։ CNN-ը, հղում անելով պաշտոնյաներին, հայտնում է, որ Թրամփի դիմաց նստած է
թարգմանիչը՝ նոթատետրով։ Հեռուստաալիքը պարզաբանում է, որ Թրամփը Պուտինի հետ
խոսել է բարձրախոսը միացրած։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թրամփի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր
Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ բանակցությունների օրը, որոնք ժամանել էին
Վաշինգտոն։ Հեռախոսազրույցից հետո Թրամփը վերսկսել է նրանց հետ հանդիպումը։
Հեռախոսազանգից հետո Թրամփը հայտարարել է, որ սկսվել են Պուտինի և Զելենսկու
հանդիպման նախապատրաստական աշխատանքները, որից հետո կարող են տեղի ունենալ եռակողմ
բանակցություններ ԱՄՆ նախագահի մասնակցությամբ։
Կրեմլը հայտնել
է, որ Պուտինի և Թրամփի միջև զրույցը տևել է 40 րոպե, ամերիկացի առաջնորդը
Ռուսաստանի նախագահին պատմել է Սպիտակ տանը իր հանդիպումների մասին։ Զրուցակիցները
կողմ են արտահայտվել ուղիղ բանակցությունների շարունակությանը Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև և
հնարավոր են
համարել «ուկրաինական և ռուսական
կողմերի ներկայացուցիչների մակարդակի բարձրացում», ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։